ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ս․թ․ մարտի 15-ին տեղի ունեցավ 2023/2024 ուստարվա մագիստրատուրայի (առկա ուսուցման համակարգի) շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին շրջանավարտներն ավարտել են 2001 թվականին: Այսօր արդեն իրենց դիպլոմներն են ստացել մագիստրատուրայի 24-րդ շրջանավարտները: Շրջանավարտների ընդհանուր թիվը 56 էր, որոնցից 34-ը ավարտեցին գերազանցությամբ։
Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ փաստելով, որ նրանց մեջ շատ են փայլուն գիտելիքներով երիտասարդները։
Գագիկ Ղազինյանը նշեց նաև, որ շրջանավարտներից մի քանիսի հետ կհանդիպեն առաջիկա ամիսներին՝ ասպիրանտուրայի ընդունելության քննության ժամանակ։
Շրջանավարտներին շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին նաև պետական քննական հանձնաժողովների նախահագներ, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը, Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը։
Մագիստրոսներից ելույթ ունեցան Մերի Մարանդյանը, Սեդա Վաղարշյանը, Էրիկ Խաչատրյանը, Աննա Ստեփանյանը, Միլենա Հայրապետյանը և Անահիտ Առաքելյանը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին դեկանին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ փաստելով, որ ուսումնառության տարիներին ձեռք են բերել հարուստ գիտելիքներ և հմտություններ։ Մագիստրոսները նշեցին նաև, որ ԵՊՀ-ում բացի գիտելիքներ ստանալուց՝ ձեռք են բերել նաև մարդկային բարձր որակներ։