ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Վ. Եսայանը «Ֆինանսական համակարգի հաշտարարությունը ՀՀ-ում» դասընթացի շրջանակում «Բիզնես իրավունք և Միջազգային արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպել էր գիտաճանաչողական դասընթացներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում։
Այցի նպատակն էր «Ֆինանսական համակարգի հաշտարարությունը ՀՀ-ում» դասընթացի շրջանակում ամրապնդել ուսանողների պրակտիկ գիտելիքները ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետները ներկայացրին գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, գրասենյակ դիմելու հիմքերն ու կարգը, դիմումների քննության ընթացքը, գրասենյակում քննվող գործերի տարեկան վիճակագրությունները և ընթացիկ պատկերը։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում անցկացված դասընթացների հիմնաքարային մասն էր կազմում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատական գործերի ուսումնասիրությունը։
Այսպիսով, ուսանողները ծանոթացան ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումների և խնդրահարույց հարցերի քննարկման շնորհիվ ձեռք բերեցին գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու հիմքերի վերաբերյալ։
ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Վ. Եսայանը նշեց, որ դասընթացների անցկացումը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում ծառայեց իր նպատակին, ինչի նա շնորհակալություն հայտնեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ողջ անձնակազմին՝ մասնավորապես գրասենյակի Ռազմավարության մշակման և ֆինանսական իրազեկման մասնագետ Հասմիկ Մակարյանին։