«Մտավոր սեփականության իրավաբանների ասոցիացիա»-ի (AIPR) կողմից և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի (AMCA) աջակցությամբ կազմակերպվել էր մտավոր սեփականության իրավունքին նվիրված դատախաղ-մրցույթ՝ բաղկացած գրավոր և բանավոր փուլերից:
Դատախաղի նպատակն էր խորացնել հայաստանյան բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների գիտելիքները մտավոր սեփականության իրավունքի և առևտրային արբիտրաժի բնագավառում:
Մրցույթին քննարկվում էին ոլորտային ամենաարդիական հիմնահարցերը՝ արհեստական բանականության և հեղինակային իրավունքի փոխառնչությունն ու փոխհարաբերակցությունը: Ներպետական օրենսդրության մեջ հարցի վերաբերյալ համակարգային իրավական կարգավորումների բացակայության պայմաններում թիմերի հաջողությունը մեծապես կախված էր հիմնավորված փաստարկներ և վերլուծություններ ներկայացնելուց՝ որպես ելակետ ունենալով ինչպես միջազգային փորձն ու դատական պրակտիկան, այնպես էլ թեմայի առնչությամբ առկա դոկտրինալ մեկնաբանությունները: Դատախաղն անցկացվում էր AMCA-ի արբիտրաժային կանոններով, ինչն առավել հետաքրքիր էր դարձնում խաղի ընթացքը:
Դատախաղ-մրցույթի բանավոր փուլին, որը տեղի է ունեցել ապրիլի 13-14-ին, մասնակցում էին ավելի քան 30 ուսանող Հայաստանի 7 բուհերից: ԵՊՀ թիմը բանավոր փուլի բոլոր խաղերում հավաքեց ամենաբարձր միավորները։ ԵՊՀ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմերը դատախաղ-մրցույթի ընդհանուր արդյունքներով զբաղեցրին 1-ին հորիզոնականը։
ԵՊՀ հաղթող թիմի անդամներն էին 4-րդ կուրսի ուսանողներ Աստղիկ Բաբայանը, Արա Սարգսյանը և Օլգա Գասպարյանը, թիմի մարզիչն էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Նարինե Ավագյանը:
Խոսելով հաղթանակի և խաղից ստացած տպավորությունների մասին՝ թիմի անդամները փաստեցին, որ դատախաղն իսկապես մեծ հնարավորություն էր և լավ փորձ:
«Դատախաղը կոնկրետ ոլորտն ավելի հստակ պատկերացնելու լավագույն միջոցներից է։ Այն, ինչ կարդում ենք օրենքում կամ նույնիսկ մասնագետների վերլուծություններում, հաճախ կարող է շատ պարզ ու հասկանալի թվալ, բայց դատախաղի գործնական առաջադրանքում, երբ հարցը հասնում է նորմի մեկնաբանությանը և կիրառմանը, ամեն ինչ այլ է: Մտավոր սեփականության իրավունքին նվիրված դատախաղը հնարավորություն տվեց ինձ նոր հետաքրքրություններ գտնելու և միաժամանակ համոզվելու, որ մասնագիտական ճիշտ ուղի եմ ընտրել»,- նշեց թիմի ավագ Աստղիկ Բաբայանը:
«Սա դատախաղերում ունեցած իմ առաջին փորձառությունն էր, որը կարող եմ համարել հաջողված: Ի սկզբանե դատախաղին մասնակցել եմ մեծ ոգևորությամբ և կարող եմ փաստել, որ այն ինձ դրական լիցքերի մի մեծ պաշար է տվել, որը, կարծում եմ, դեռ երկար ժամանակ չի սպառվի: Իհարկե, սա լավ հնարավորություն էր բավական նեղ ոլորտի կարգավորումների մասին հստակ պատկերացում կազմելու, ինչպես նաև ստացած գիտելիքը պատշաճ ներկայացնելու հմտությունների ձեռքբերման տեսանկյունից: Կարող եմ փաստել, որ մեր հաղթանակի գրավականը մեծապես նաև թիմային աշխատանքն էր, պատասխանատվությունը միմյանց և հարգանքը մեկս մյուսի կատարած աշխատանքի նկատմամբ»,- ընդգծեց թիմի անդամ Օլգա Գասպարյանը:
«Դատախաղը լավ հնարավորություն էր մեր գիտելիքներն ու հմտությունները օգտագործելու և գործնականում կիրառելու համար։ Բացի դրանից՝ հնարավորություն ունեցանք շփվելու Հայաստանի այլ համալսարանների ուսանողների հետ և կատարելու փորձի փոխանակում։ Անշուշտ, դատախաղի թեման շատ արդիական էր, քանի որ վերաբերում էր արհեստական բանականության և մտավոր սեփականության ինստիտուտների հարաբերակցությանը։ Այն հատկապես արդիական էր նրանով, որ 21-րդ դարում զարգացող տեխնոլոգիաների և դրանց կիրառման պայմաններում իրավական բազմաթիվ խնդիրներ են առաջ գալիս, որոնց լուծման ուղիներ փնտրելու նպատակով անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրություններ կատարել»,- ասաց թիմի մյուս անդամը՝ Արա Սարգսյանը:
Թիմի հաղթանակը համալսարանում ողջունեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը և քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Արմեն Հայկյանցը: Ֆակուլտետի դեկանն ընդգծեց այսօրինակ մրցույթներին ուսանողների մասնակցության կարևորությունը և թիմին մաղթեց նորանոր ու գիտելիքահենք հաղթանակներ: Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Արմեն Հայկյանցն էլ պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցելու նման նախաձեռնություններին: