ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ մայիսի 18-19-ը կազմակերպեց Իրավաբանական կլինիկական կրթության գարնանային դպրոց։
Դպրոցի նպատակն էր խթանել իրավաբանական կլինիկական կրթությունը տեղական բուհերում, բարձրացնել դրա կարևորության մասին իրազեկվածությունը, ընդլայնել Հայաստանի բուհերի իրավաբանական կլինիկաների միջև համագործակցության հնարավորությունները և հնարավոր դարձնել հանրապետության բուհերի իրավաբանական կլինիկաների վերաբերյալ տեղեկության տարածումը միջազգային գործընկերների շրջանում:
Գարնանային դպրոցին մասնակցում էին հանրապետության պետական և ոչ պետական բուհերի իրավաբանական կլինիկաների աշխատակազմի և ուսանողների ներկայացուցիչներ, որոնք դպրոցի ընթացքում փոխանակվեցին իրենց կլինիկաների գործունեության վերաբերյալ տեղեկությամբ ու հետագա համագործակցության պատկերացումներով:
Մասնակիցները լսեցին դասախոսություններ «Իրավաբանական կլինիկական կրթությունը, դրա նշանակությունը արտասահմանյան բուհերում», «Իրավաբանական կրթության օրենսդրական կարգավորումը, ֆինանսավորումը, համագործակցությունը հանրային մարմինների հետ», «Արտասահմանյան բուհերում կլինիկական գործունեության ընթացքում հոգեբանների և սոցիալական աշխատողների ներգրավվածության լավագույն փորձը», «Իրավաբանական խորհրդատվությունների էթիկա և բարեվարքություն», «Փաստաթղթային ձևակերպում, տվյալների բազաների կառավարում», «Կիբերանվտանգություն և անհատական տվյալների պաշտպանություն» և այլ կարևոր թեմաներով դասախոսություններ, որոնց ընթացքում նաև ծավալվեցին ակտիվ քննարկումներ, հարցուպատասխան:
Հեռավար կարգով դասախոսություններ ներկայացրին արտասահմանյան բուհերում կլինիկական կրթության ոլորտում աշխատանքի մեծ փորձառություն ու հեղինակություն ունեցող միջազգային փորձագետներ, արտասահմանյան իրավաբանական կլինիկաների, դրանց միությունների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ։
Հայաստանյան բուհերի իրավաբանական կլինիկաների լավագույն փորձը ներկայացրեց ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Ք.Վարդանյանը: Նա խոսեց ՀՀ-ում իրավաբանական կլինիկաների ձևավորման պատմության, ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեության հիմնական ուղղությունների, կլինիկայի կողմից իրականացվող ծրագրերի և այլ կլինիկաների հետ համագործակցության հնարավորությունների մասին:
Դպրոցի ավարտին ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենը շնորհակալություն հայտնեց Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործընկերներին դպրոցի կազմակերպման նախաձեռնությանը դրական արձագանքելու, այն կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար և հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն՝ ավելի ընդլայնելով ՀՀ իրավաբանական կլինիկաների համագործակցության ուղղությունների շրջանակն ու հնարավորությունները:
Իր հերթին Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հաննե Ջոնսոնը ևս բարձր գնահատեց երկօրյա դպրոցին կլինիկաների մասնակցությունը և հույս հայտնեց, որ դպրոցի շրջանակում ստացած գիտելիքներն ու տեղեկություններն օգտակար կլինեն հայաստանյան կլինիկաների զարգացման ու կայացման գործում:
Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Արման Գասպարյանը ևս շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իրավաբանական կլինիկայի աշխատակիցներին դպրոցը համատեղ կազմակերպելու համար՝ պատրաստակամություն հայտնելով իրենց հնարավորության սահմաններում աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին: