ԵՊՀ գրադարանը հիմնադրվել է 1920 թ․ փետրվարի 28-ին Երևանի ուսուցչական սեմինարիայի գրադարանի ֆոնդի հիման վրա։ Գրադարանի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հակոբ Մանանդյանը, որի նախաձեռնությամբ էլ գրադարանը համալրվել է արժեքավոր գրականությամբ: Համալսարանի գրադարանին են հանձնվել Երևանի թեմական դպրոցի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և այլ հաստատությունների գրքային ֆոնդերը։ Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցից և անհատների նվիրատվություններից հետո՝ 1921 թ․ վերջին, գրադարանի գրքային ունեցվածքը կազմել է 25 հազար միավոր։
1922 թ․ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել գրադարանի հանդիսավոր բացումը: Շուրջ 5 տարի հետո գրքային ֆոնդը կրկնակի ավելացել է։ Այսօր ԵՊՀ գիտական գրադարանն ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն:
1944 թ․ համալսարանի գրադարանին տրվել է գիտական 3-րդ, 1966 թ․՝ 2-րդ կարգ, 1991 թ․՝ 1-ին կարգ։
1994 թ․ հոկտեմբերի 12-ին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակի հանդիսությունների շրջանակում պաշտոնապես բացվել է գրադարանի նորակառույց շենքը, որի կառուցումը սկսվել էր դեռևս խորհրդային տարիներին: Վերջապես իրականանում է համալսարանականների երազանքը՝ հարմարավետ գրադարան՝ տարողունակ գրապահոցներով, ընդարձակ ընթերցասրահներով և աշխատասենյակներով։
1995 թ․ շվեյցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանը ԵՊՀ գրադարանին է նվիրաբերել է 1 միլիոն ԱՄՆ դոլար, ձեռք են բերվել համակարգիչներ, բացվել է գրադարանի ավտոմատացման և տեղեկատվության բաժինը, որը ձեռնամուխ է եղել թվային գրադարանի կայացման գործին ու էլեկտրոնային քարտարանների ստեղծմանը։ Այսպիսով՝ դրվել է գրադարանի տեխնիկական վերազինման, գրադարանային գործընթացների արդիականացման և գրադարանային գործում ժամանակակից մեթոդների կիրառման հիմքը։
Գիտատեխնիկական վերափոխումներին զուգընթաց՝ համալրվում են նաև գրադարանի ֆոնդերը հնարավոր բոլոր միջոցներով՝ պետական հատկացումներ, գրքափոխանակություն, դրամաշնորհներ, նվիրատվություններ։ Գրադարանը համալրվում է տարբեր բնագավառներին վերաբերող արդիական գրականությամբ և հավաքածուներով՝ Գալուստ Գյուլբեկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր), Ա․ Սախարովի (1200 միավոր)։
1997 թ․ հոկտեմբերի 7-ին ԵՊՀ գրադարանը մեծ հանդիսավորությամբ անվանակոչվել է բարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվամբ։