Բաժինը hիմնադրվել է 1973 թ.։ Ներկայում գրքային ֆոնդը կազմում է 21 424 միավոր։ Գրականությունը դասավորված է 2 սկզբունքով՝ ժամանակագրական և թեմատիկ։
Բաժնի գործունեությունն այսօր պայմանավորվում է հետևյալ գործառույթներով`գրականության պահպանում, ներգրադարանային սպասարկում, գրականության մուտքագրում և էլեկտրոնային քարտագրում, հնատիպ գրականության փոշեհանում և ախտահանում, հնատիպ գրականության մշտական ցուցահանդեսի կազմակերպում, մատենագիտական տեղեկատվություն և հրատարակչական գործ։
Բաժնի բովանդակային ուղղվածությունը որոշող հնատիպների ֆոնդը խմբավորված է 2427 միավոր հայերեն և 8576 միավոր այլալեզու ենթաֆոնդերով։ Հայերեն ֆոնդը դարակներում և քարտարաններում ներկայացված է ժամանակագրական կարգով, ռուսերեն և այլալեզուն՝ կարգային-այբբենական։ Շարունակաբար կատարվում են դրանց հաշվառման, էլեկտրոնային և թղթային քարտարանների տվյալների, մատյանային գրանցումների համեմատման ու ճշտման, ինչպես նաև համալրման և վերադասավորման աշխատանքներ։
Հնատիպ գրականության բաժնում առանձնահատուկ տեղ է գրավում 14-րդ դարի Գրիգոր Տաթևացու «Քարոզգիրք Գրիգորի Եռամեծ եւ Քաջ հռետորի» ձեռագիրը:
Իրենց եզակիությամբ, գեղարվեստական ձևավորմամբ ու տպագրական առանձնահատկություններով ուրույն տեղ ունեն այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Ֆրանչեսկո Ռիվոլայի «ԲԱՌԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ = Dictionarium armeno-latinum» (Փարիզ, 1633), «Հարանց վարք» (Նոր Ջուղա 1641), «Յիսուս որդի» (Ամստերդամ, 1660-1961), «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեամբ, որ է Աղուեսագիրք» (Ամստերդամ, 1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» (Ամստերդամ, 1669), Հովհաննես Կոստանդնուպոլսեցու «Զտութիւն հայկաբանութեան կամ քերականութիւն հայկական» (Հռոմ, 1674), Երեմիա Մեղրեցուն վերագրվող «Բառգիրք հայոց» (Կ.Պոլիս, 1698) գրքերը։
Կան նաև օտարալեզու հնատիպներ, որոնցից ուշագրավ են "The Genealogies recorded in the Sacred" (1613), "Darinnen gelehret werden" (1616), "Voyage au Caucase chez les Tcherkesses et les Abkhases en Colchide, en Georgie, en Armenie et en Crimee"(1840-1843), «Исповедание хрис. Веры Армянской Церкви» (Санкт-Петербург, 1799), «История Российской церкви» (Санкт-Петербург, 1840) և այլն։
Թեմատիկ սկզբունքով առանձնացված մյուս ֆոնդերը գիտական բաժանման ներսում դասավորված են այբբենական կարգով։ Այս ֆոնդերը պարունակում են արվեստին, իրավագիտական, պատմական, բժշկական, գյուղատնտեսական, բանասիրական գիտություններին վերաբերող հազվագյուտ գրականություն, ինչպես նաև բազմալեզու բառարաններ, հանրագիտարաններ և այլ տեղեկատուներ։
Առանձնացված ֆոնդերում իր ուրույն տեղն ունի արվեստի գրականության ֆոնդը (2767 միավոր), որը պարունակում է համաշխարհային մշակույթը ներկայացնող հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հարուստ գրականություն, հին ժամանակներից մինչև արդի շրջանն ընդգրկող արվեստի տարբեր ճյուղերն արտացոլող գրքեր, ալբոմներ։
Ֆոնդերում առանձին տեղ են գրավում նաև հայրենական և արտերկրի անհատ անձանց ու կազմակերպությունների նվիրատվությունները, որոնք հարուստ են օտարալեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն, լեհերեն, արաբերեն, պարսկերեն և այլն) արժեքավոր գրականությամբ։ Դրանց մեջ շատ են գիտական արժեք ներկայացնող գրքերը, բառարանները, հանրագիտարանները։ Առանձնապես ուշագրավ են «Աշխարհի անվանի մարդկանց գործերը» (54 հատոր), "Collection des universites de France" (50 հատոր) հավաքածուները և այլն։
Առանձին սրահ է հատկացված Գալուստ Գյուլբենկյանի (3377 միավոր, հիմն. 1965 թ.) և առանձին սենյակ՝ Հելեն Թաքեսյանի (2468 միավոր, հիմն. 1991 թ.) նվիրատվություններին։
Գրականությունը սպասարկվում է տեղում օգտվելու իրավունքով։
Բաժնում իրականացվում են նաև գրադարանային-մատենագիտական և հրատարակչական աշխատանքներ, որոնք ընդհանուր և վերլուծական տեղեկատվությամբ օգնում են ընթերցողին կողմնորոշվել նյութի փնտրման գործընթացում։